Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Միակ «ճշմարտության» վտանգավոր ճանապարհը. Փաշինյանը սպանում է քաղաքականությունը

Միակ «ճշմարտության» վտանգավոր ճանապարհը. Փաշինյանը սպանում է քաղաքականությունը
18.09.2026 | 18:10

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն արդեն «իշխող գաղափարախոսություն» է, և պետական համակարգը պետք է գործի դրա շրջանակում։
Նա այդ տրամաբանությունը տարածում է նաև կրթության ոլորտի վրա՝ պնդելով, որ դպրոցներում չպետք է հնչեն այդ գաղափարախոսությանը հակասող մտքեր, իսկ կառավարությունը պետք է գործի դրանց դեմ, քանի որ դրանք սպառնալիք են Հայաստանի Հանրապետությանը։
Խնդիրն ամենևին էլ «Իրական Հայաստանի» բովանդակությունը չէ։
Այն կարելի է ընդունել կամ մերժել։ Ժողովրդավարությունը հենց տարբեր գաղափարների, արժեքների մրցակցությունն է։
Վտանգավորն այն է, երբ իշխանությունն իր քաղաքական հայեցակարգը հռչակում է «իշխող գաղափարախոսություն» և պետական համակարգից պահանջում է գործել դրա շրջանակում։ Առավել մտահոգիչ է, երբ կրթական ծրագրերն ու դպրոցն են ենթարկվեցվում «միակ ճշմարտությանը»:
Պետությունը չպետք է քաղաքական գաղափարները բաժանի «ճիշտ» և «վտանգավոր» խմբերի՝ գործող իշխանության քմահաճույքին համապատասխան:
Ընտրություններում հաղթած ուժը ստանում է պետությունը կառավարելու ժամանակավոր մանդատ, որը, բնականաբար, թույլ չի տալիս «գաղափարական մենաշնորհ» հաստատել:
Այսօր ասում են, որ կրթական համակարգում չպետք է հնչի «Իրական Հայաստանին» հակասող որևէ միտք, վաղը նույն պահանջը կարող է վերաբերել հանրային, քաղաքական այլ ինստիտուտների:
Ի վերջո, բանը հասնելու է ընտրական և ժողովրդավարական ինստիտուտների ամբողջական ապամոնտաժմանը:
Օրինակ, ՔՊ-ական խիստ «ժողովրդավար» ու «առաջադեմ» մի պաշտոնյա կարող է «արդարացիորեն» բողոքել, թե ինչո՞ւ ընտրություններին մասնակցի մի ուժ, որի ծրագիրը հակասում է «իշխող գաղափարախոսությանը» և կարող է ներկայացվել որպես «սպառնալիք Հայաստանի Հանրապետությանը»։
Եթե իշխանության գաղափարախոսությանը հակասող միտքը պետական մակարդակով ընկալվում է որպես սպառնալիք, վտանգվում է ոչ միայն խոսքի ազատությունը, այլև քաղաքական մրցակցությունը։
«Պետության պաշտպանության» թեզով ի վերջո կարելի է կործանել քաղաքականությունն՝ առհասարակ:
Քաղաքականությունը գոյություն ունի մրցակցող գաղափարների շնորհիվ։
Քաղաքականությունը սպանելու ամենակարճ ճանապարհը այլակարծությունը վտանգ հայտարարելն է։
Հայաստանը մոտ է այն վտանգավոր եզրագծին, երբ քաղաքական գործունեությունը կամ այլակարծությունը քրեականացվում են:

Սուրեն Սուրենյանց
Դիտվել է՝ 567

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ